Գրականություն 7

Հայկական ամանորյա մաղթանքներ

Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները՝ և՛ նուռը կարմիր, և՛ խնդությունը մարդկային հոգու, և՛ հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:

***

Մաղթենք, որ խաղաղավետ ու աներկրաշարժ լինի այս Ամանորը, և մարդը ցնցվի միայն բարի խոսքի

առատությունից:

***

Ամանո՛ր, խաղաղությամբ ու բարությամբ լցրո՛ւ ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ ավելի մեծ է երևում, ունեցածը՝ հազարապատիկ շատ:

***

Եվ մարդն ասաց Նոր տարուն. «Ե՛կ, լո՛ւյս ու խաղաղությո՛ւն թափիր իմ երդիկից, մնացածը ինքս կանեմ՝ աշխարհը պահելով առատության մեջ»:

***

Ամանո՛ր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպե՛ս արա, որ ոչ պատանին շտապի տարեց դառնալ, ոչ էլ տարեցը, չորս ոտք արած, ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:

***

Ամանո՛ր, խաղաղության մեջ պահի՛ր եզրերն ու միջնաշխարհը: Իմ ամբարներն ու մառանը լցրո՛ւ մի քիչ պակաս, հարևանիս՝ երկու անգամ շատ, հեռավոր հարևանիս՝ երեք անգամ շատ: Եվ ես նրանց չափ հարուստ կլինեմ:

***

Մաղթենք, որ խաղաղ լինի Նոր տարին: Խաղաղությունը կարող է տիեզերքը պռնկեպռունկ լցնել առատությամբ:

***

Նոր տարին մտնում է յուրաքանչյուրիս հարկի տակ և դառնում հայրենյաց պատմության մի ծալքը: Հետնորդներին երևում են միայն խաղաղաշեն ու հայերնաշեն ծալքերը:

***

Տիեզերքը մեծ է, բայց Նոր տարին ու տիեզերական

խաղաղությունն սկսվում են մարդուց:

***

Ամանո՛ր, խաղաղության մեջ պահի՛ր և՛ համայն աշխարհը, և՛ առանձին-առանձին ամեն տուն: Եվ թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

***

Զա՛րմդ հայկյան, շնորհավորի՛ր նաև նրանց Նոր տարին, ովքեր հայերեն են խոսում, բայց ճակատագրի քմահաճ խաղով բեկվել են հայրենի հողից և ապրում են այս աշխարհի մոտ ու հեռավոր անկյուններում: Խաղաղությո՛ւն և տունդա՛րձ մաղթիր նրանց:

***

Յուրաքանչյուր մարդ մի քայլ է անում հին ու նոր տարվա սահմանագլխին: Բայց քայլ գցելուց առաջ պիտի հին ափին թողնի ոխը, չարակամությունը և կռվարար ոգին: Այդ ամենը շալակին պահող մարդու համար Նոր տարի չկա:

***

Շնորհավոր լինի քո Նոր տարին, բարեկա՛մ: Խաղաղ և Նոր տարվա առաջին օրվա պես ուրախ անցնեն կյանքիդ բոլոր օրերը:

***

Նոր տարում մի՛ խոսիր ո՛չ քո, ո՛չ էլ ուրիշի տարիքի մասին: Նոր տարին ջահելություն է, և ջահելի պես պիտի անփույթ լինել գլորած տարիների հանդեպ:

***

Բարի խոսքով պիտի սկսել Նոր տարին, որպեսզի բոլոր շարունակությունները բարի լինեն:

***

Հայրենի հողի վրա Նոր տարին Նոր տարի է, օտարության մեջ՝ պատրանք:

Leave a comment