Մաթեմատիկա 6-րդ դասարան

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը  հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: 1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, 1988–96 թթ-ին՝ պատվավոր տնօրեն: Ակադեմիկոս Համբարձումյանն ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:1947 թ-ին Համբարձումյանը հայտնագործել է դինամիկորեն անկայուն և քայքայվող նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նրանց ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման շարժընթացները ներկայումս շարունակվում են և ունեն խմբակային բնույթ: 1950-ական թվականներին նա հայտնագործել է գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք և այլն): Համբարձումյանը մշակել է նախաաստղերի վարկածը, ըստ որի՝ դրանք մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնց տրոհմամբ առաջանում են աստղեր և աստղային համակարգեր: Կարևոր արդյունքներ է ստացել նաև ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման բնագավառում:Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի, Խորհրդային Միության և բազմաթիվ այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ էր: Նա եղել է նաև Հայկական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրը (1965–74 թթ-ին) և գիտախմբագրական խորհրդի նախագահը (1965–87 թթ-ին):  Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։ Մահացել է 1933 թվականին։ 1931 թվականի վերջին ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Չորս զավակներից երկուսը՝ Ռաֆայելը և Ռուբենը, ֆիզիկոսներ են։

Leave a comment